Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ես երեք անգամ կարդացել եմ, երբ կարդում էի, լսում էի Ռոբերտի ձայնը»

«Ես երեք անգամ կարդացել եմ, երբ  կարդում էի, լսում էի Ռոբերտի ձայնը»
30.09.2014 | 11:16

Ընթերցողի սեղանին է Աննա Քրիստափորյանի «Ռոբերտ Սահակյանց. ընդհատված մենախոսություն» գիրքը:
«Իմ մասնակցությունն այս գրքի ստեղծման գործում շատ համեստ է: Ես ընդամենը թղթին եմ հանձնել Ռոբերտ Սահակյանցի մտքերը, սա ոչ ավելի, ոչ պակաս Ռոբերտ Սահակյանցն է»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ԱՆՆԱ ՔՐԻՍՏԱՓՈՐՅԱՆԸ:
Գիրքը լույս է տեսել հայերեն, ռուսերեն և անգլերեն, և Մարտին Հուրիխանյանի ու Նազելի Միքայելյանի շնորհիվ հասանելի է ընթերցողի ավելի լայն շրջանակի. «Վերնագրել եմ «Ընդհատված մենախոսություն», որովհետև մեր աշխատանքը կիսատ մնաց: Նա հեռացավ կյանքից, և ես որոշեցի ինքս ավարտել այն։ Ռոբերտ Սահակյանցի մահից հետո մոտ մեկ տարի չէի կարողանում միացնել ձայնագրիչը, լսել նրա ձայնը: Հետո հավաքեցի ինձ ու ավարտեցի գիրքը, բայց քանի որ վատ կազմակերպիչ եմ, հրատարակումն ուշանում էր, և Ռուբեն Գևորգյանցի շնորհիվ այն լույս ընծայվեց»:
«Ես երեք անգամ կարդացել եմ այն, երբ կարդում էի, լսում էի Ռոբերտի ձայնը: Այսինքն, ոնց խոսել է, այնպես տպագրվել է, ոչ մի խմբագիր չի աշխատել, գուցե կան նախադասություններ, որ սխալ են, բայց ինքն է»,- ասաց կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ: Գրքի հայերեն տարբերակի թարգմանիչ ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մեծ սիրով է թարգմանել գիրքը. «Սահակյանը հայացքների, գնահատականների մի ամբողջություն է, որ շատ հետաքրքիր է իր տեսակի մեջ: Անկախության շրջանում նրան համարյա ազգի դավաճան էին համարում ռուսերեն լեզվամտածողության համար, բայց Սահակյանցի արվեստն աբողջությամբ ծառայել է հայ մշակույթին: Հզոր մուլտիպլիկատոր էր, առհասարակ, ինքնատիպ անձնավորություն: Նրանք, ովքեր խոսում են Ռոբերտ Սահակյանցի մասին, այս գիրքը պետք է անպայման կարդան: Սա շատ կարևոր նախապայման է»:
Գրքում տեղ գտած էսքիզները բացահայտում են արվեստագետի վերաբերմունքն իրեն հուզող, ոգևորող երևույթների նկատմամբ: Նրա կյանքի ամենատպավորիչ էջերն են: Բայց և այնպես Աննա Քրիստափորյանն ասում է. «Կուզեի, որ նա ապրեր, ստեղծեր նոր մուլտեր, որ նրա կյանքը լցվեր նոր իրողություններով, նոր մտքերով, շարունակելի լիներ մեր աշխատանքը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ